Համայնքի մասին

ՀԱՅԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ճապոնիայում պատմականորեն հայկական համայնք չի ձևավորվել: Հայերը Ճապոնիա են այցելել 19-րդ դարի երկրորդ կեսից, հիմնականում Հնդկաստանի հայեր են եղել, ովքեր զբաղվել են առևտրային գործունեությամբ: 20-րդ դարում հայ առևտրականների թիվը Ճապոնիայում ավելացել է Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Իրանից, Սիրիայից և Լիբանանից գաղթած հայ ընտանիքներով:

1870թ. Կալկաթայի «Աբգար և ընկերություն» ֆիրման սկսել է նավագնացության ծառայություններ իրականացնել դեպի Ճապոնիա և արդեն 1880-ականների կեսին Ճապոնիայի Կոբե, Յոկոհամա և Նագասակի քաղաքները կապել Սինգապուրի, Հոնկոնգի, Փենանգի և Կալկաթայի հետ:

1870թսկզբին Յոկոհամայում վաճառականությամբ է զբաղվել Մակ Թ. Արաթունը, ով հետագայում գնալով Կոբե` միացել է իր կրտսեր եղբայր Վահանին: 1930թ Օսակայում Արաթունը դարձել է «Էդգար եղբայրներ» գրասենյակի կառավարիչը: 1956թ. գրասենյակը փակվել է, և նա ընտանիքի հետ գաղթել է Ավստրալիա:

1890-ական թվականներին Կոբեում Մ. և Լ. Աղաբեկները ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, իսկ Ա. Մ. Աբգարը կառավարել է «Աբգար և ընկերություն» նույնատիպ հաստատությունը Յոկոհամայում: Այս ընկերությունը գործել է մինչև 1920-ական թվականները` տիկին Անահիտ Հովհաննեսի Աբգարյանի և նրա որդի Միքայելի ղեկավարությամբ: Տիկին Անահիտն առավելապես հայտնի է որպես Դայանա (Դիանա) Աղաբեկ Աբգար (Անահիտ Աղաբեկյան-Աբգարյան, 1859-1937թթ), ով 1920թնշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ) հյուպատոս Ճապոնիայում։ Գրող, հրապարակախոս, լրագրող Դայանա Աբգարը պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում Հայ դատի մասին հոդվածներով և առանձին գրքերով, իջևան տրամադրել հայ գաղթականներին և օգնել նրանց տեղափոխվել ԱՄՆ:

1890-ական թվականների վերջին Յոկոհամայում է հաստատվել վաճառական Փ. Մ. Փափազյանը, ով այնտեղ մնացել է մինչև 1917թ.: Իսկ 1900-ականների սկզբին Կոբեում գործել է  «Մարտին եղբայրներ»  ընկերությունը, որն ունեցել է մի խումբ երիտասարդ հայ աշխատողներ: 1920-ական թվականներին Կոբեում գործել է նաև «Փոլ Արաթուն և ընկերություն»-ը, որը Սինգապուրի  «Ստեֆընս Փոլ»-ի մասնաճյուղն էր:

20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայում դիվանագիտական աշխատանքի են նշանակվել հայեր տարբեր երկրներից: 1930-1931թթ. Ճապոնիայում Իրանի դեսպան է եղել ականավոր դիվանագետ-թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանը, իսկ 1956-1958թթ. Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանն է եղել Իվան Թևոսյանը:

1962թ. Ճապոնիայում ապրել է Մերձավոր Արևելքից, ինչպես նաև Հնդկաստանից դեռևս դարասկզբին ներգաղթած 10 հայ ընտանիք, հիմնականում՝ առևտրականներ:

2015թ. դրությամբ Ճապոնիայում բնակվում են 70-80 հայեր, մեծամասամբ` Տոկիոյում, նրանցից ոմանք նախկինում հայաստանաբնակ են եղել և ընտանիք կազմելով ճապոնացիների հետ՝ հաստատվել այստեղ: Ճապոնաբնակ հայերի աշխատանքային գործունեությունը մի շարք ոլորտներ է ընդգրկում, նրանց թվում կան գործարարներ, դասախոսներ, իրավաբաններ, ՏՏ ոլորտի մասնագետներ, արվեստագետներ, ուսանողների թիվը մոտ 15-ն է:

 

Ճապոնիայում գործող համայնքային կազմակերպություններ

Ճապոնիայում գործում է համայնքային երկու կազմակերպություն՝ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan Armenia Friendship Association, JAFA) և Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan Armenia Society, JAS):

JAFA-ն հիմնադրվել է դեռևս 1989թ. ճապոնացի հասարակական գործիչ, պատմաբան և գրող Հիդեհարու Նակաջիմայի ջանքերով և զբաղվում է Հայաստանի ու Ճապոնիայի պատմամշակութային կապերի սերտացմամբ:

JAS-ի ղեկավարն է Սովետական Միությունում Ճապոնիայի նախկին դեսպան, Հայաստանում հավատարմագրված Ճապոնիայի առաջին դեսպան Սումիո Էդամուրան։ Ընկերակցությունը հիմնականում աջակցում է հայ-ճապոնական քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

Հայաստանին, հայկական խնդիրներին նվիրված Ճապոնիայում լույս տեսած գրքեր, պարբերականներ

2009թ. մայիսին լույս է տեսել Հիդեհարու Նակաջիմայի «Ամեն ինչ Հայաստանի մասին 65 մասում» ճապոներեն լեզվով գիրքը, որը նրա երրորդ գիրքն էր Հայաստանի մասին: ԱռաջինըՀայաստան՝ հույսի ակնթարթ պատմությունում» հրատարակվել էր 1990թ., իսկ  երկրորդը՝ «Հայկական ցեղասպանություն` հայ ժողովրդի պատմություն և մշակույթ» 2007թ: Ճապոնացի արևելագետ Ն. Սաթոն հիմնել է հայագիտության կենտրոն, աշխատություններ է գրել Հայաստանի և Արցախի պատմության մասին: Աիչի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Հիրոյոշի Սեգավան հեղինակել է Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին վերաբերող ճապոներեն լեզվով առաջին գիրքը: Հայաստանին նվիրված բանաստեղծություններ են գրել ճապոնացի բանաստեղծներ Հ. Կիմուրան և Ս. Սան Օբինատան։

2015թ հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի հեղինակած <<Փաստերի գիրք>>-ը (Fact Book), որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վկայող պատմական փաստեր, միջազգային մամուլում տպագրված, նաև հայ և արտասահմանցի հեղինակների կողմից հրապարակված հոդվածներից, գրքերից հատվածներ, լուսանկարներ: 2015թ հրատարակվել է նաև <<Հայաստանը որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր>> (Armenia as IT country) գիրքը, որի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր