Լուրեր

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված խաչքար Տոկիոյում

16.09.2016

Կից լուսանկարներ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված խաչքար Տոկիոյում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված խաչքար Տոկիոյում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 16-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Տոկիոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում՝ «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշաքարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24-րդ տարեդարձին և խորհրդանշում է հայ ու ճապոնական ժողովուրդների բարեկամությունը:

Բացման արարողությանը ներկա էին Ճապոնիայի Ազգային ժողովի, արտգործնախարարության, Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները և այլ պատվավոր հյուրեր:

Բացման ելույթով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ.Պողոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի խորհուրդը և համոզմունք հայտնելով, որ այն կհանդիսանա շարունակաբար խորացող և ընդլայնվող հայ-ճապոնական հարաբերությունների խորհրդանիշերից մեկը:

Ելույթ ունեցավ «Մորի թրասթ» ընկերությունը ներկայացնող տիկին Միկա Մորին, որի աջակցությամբ է իրականացվել այս նախաձեռնությունը: Խոսքով հանդես եկավ նաև Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոն, որի գլխավորած պատվիրակությունը վերջերս եռօրյա այցով եղել էր Հայաստանում: Նա գոհունակությամբ նշեց, որ իր գլխավորած պատվիրակության այցը և այս հուշաքարի բացումն այն իրական քայլերն են, որոնք խթանում են հայ-ճապոնական հարաբերությունների առավել խորացումը:

Հուշաքարը պատրաստվել է Հայաստանում հայկական բազալտից (նախագծող՝ Ս.Բարսեղյան) և անցյալ տարի տեղադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության խաչքարից» հետո երկրորդ հայկական խաչքարն է Ճապոնիայում: 

 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր